ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ գիտական նստաշրջան` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակին:
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի տեղեկացմամբ` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում անհրաժեշտ նյութի հերթական փնտրտուքի ժամանակ անսպասելի գտնվել է 24 էջից բաղկացած անտիպ մի ձեռագիր:
Ձեռագրի կազմին Դեմիրճյանը կատարել է հետևյալ գրառումը. «Ամենօրյա խառն նոթեր (Ավելի` լեզվական)»: Եվ միայն ներքևում ռուսերեն ավելացրել է` «Карабах»:
«Դերենիկ Դեմիրճյանի նման զգուշավոր, շրջահայաց մարդը, միանգամայն հասկանալի է, որ պիտի խուսափեր խոսուն վերնագրից, ինչն իսկույն կմատներ այդ գրառումների բուն էությունը, քանզի 1950-ականների կեսերից սկսած, «ձնհալի» պայմաններում անգամ, փոքր չէր համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու վտանգը,- նշում է Կ. Ռաֆայելյանը, հավելելով, որ թեև ձեռագիրը ստույգ տարեթիվ չունի, սակայն հակված են մտածելու, որ այն գրվել է 1954 թվականին:- Ձեռագրի վերջում` տետրի կազմի վրա, հիշատակված են 1954-ին լույս տեսած որոշ թերթերի անուններ և հրապարակումներ, որոնցում անդրադարձ կա ՈՒկրաինայի` Ռուսաստանի հետ վերամիավորման 300-ամյակին: Ծանոթանալով նշված հրապարակումների բովանդակությանը և Ղարաբաղի, Նախիջևանի ու Հայաստանի ճակատագրի հետ դրանցում առկա ակնհայտ առնչություններին` համոզվում ենք, որ Դեմիրճյանը փորձել է մատնացույց անել այս երկու սլավոնական ժողովուրդների վերամիավորման փաստը` դրանով ընդգծելով համանման հնարավորության կիրառումը նաև հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի համար` այդուհանդերձ չխախտելով խորհրդային գաղափարախոսության և կարգախոսների ընդունված սահմանները»:
Կարինե Ռաֆայելյանի կարծիքով` այս նյութն առավել լիարժեք կդարձնի հայ գրասերների պատկերացումները մեծ դասականի մասին, որի ծննդյան 135-ամյակին է նվիրված նորահայտ այս ձեռագրի տպագրությունը:
Նորահայտ ձեռագրում մասնավորապես ասվում է. «Կարելի՞ է այժմյան պայմաններում պահանջել Ղարաբաղը: Ո՛չ՝ կասեն: Ե՞րբ կարելի կլինի: Երբ իրենք՝ ադրբեջանցիները կամենան: Ե՞րբ կկամենան: Երբե՛ք: ՈՒրեմն՝ այս օրս նույնարժեք է, ինչ որ երբևէ»:
Անվանի գրողը նշում է նաև, որ Ղարաբաղը և Նախիջևանը տաճկական ռազմաքաղաքական պլան է կամ էր, և ով կողմ է Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանի կազմում թողնելուն, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտպանում է այդ պլանը: Անդրադառնալով հայերի պահանջին` նկատում է, որ թերևս հարկ կա սահմանավորելու հայերի պահանջը: «Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել,- գրում է նա:- Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց «սահմանավորման»։ Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց՝ իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում»:
Նշենք, որ գիտական նստաշրջանի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները` «Վարդանանց պատերազմն ըստ Դ. Դեմիրճյանի», «Անհայտ մի էջ Դ. Դեմիրճյանի գրական ժառանգությունից», «Դ. Դեմիրճյանը` երգիծաբան», «Անտիպ ժառանգություն. Ղարաբաղի և Նախիջևանի հարցի դեմիրճյանական արծարծումներ», «Դեմիրճյանը` ֆելիետոնիստ» և այլն:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, «Գրական թերթի» խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը և այլք: Դ. Դեմիրճյանի քանդակի հեղինակ Խաչատուր Իսկանդարյանը և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն անդրադարձան Դեմիրճյանի հուշարձանը տեղադրելու խնդրին: ՀԳՄ նախագահը խոսեց նաև Դեմիրճյանի «Քաջ Նազարը» և «Գիրք ծաղկանցը» դպրոցական ծրագրում ներառելու, ինչպես նաև թանգարանի վերանորոգման մասին:
Անվանի արձակագրին նվիրված գիտական նստաշրջանը կայացավ գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության, ԳԱԹ մասնաճյուղ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ